01

Էվերեստի գագաթին ծածանելով խաղաղության և Հայաստանի դրոշները՝ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը ծնվել է Լիբանանում, սպորտով սկսել է զբաղվել 40 տարեկանից: Աշխարհի տարբեր երկրներում և քաղաքներում՝ Մարոկկոյում, Բարսելոնում, Փարիզում մասնակցել է մարաթոնների: Երկար ու դժվարին նախապատրաստություն է անցել Մոնբլան լեռան լանջին, որը Եվրոպայի ամենաբարձր գագաթն է՝ 4810 մ: Մոնբլանը դարձել է առաջին բարձունքը, որը նա հաղթահարել է: Երկրորդ լեռը Արարատն էր, հետո՝ Կիլիմանջարոն: Եվ վերջապես, 2016թ. մայիսի 22-ին նրան հաջողվեց նվաճել Էվերեստը՝ 8848 մ բարձրությամբ աշխարհի ամենաբարձր, դժվար հաղթահարելի լեռը:
Էվերեստը հաղթահարած հայազգի մարզիկը 8848մ բարձրությունից ծածանելով խաղաղության և Հայաստանի Հանրապետության դրոշները, կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճանաչել 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված մեծագույն ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը:

Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալելով ճանաչված լեռնագնացին՝ կարևորեց Արա Խաչադուրյանի ազգանվեր գործունեությունը, շնորհակալություն հայտնեց խիզախության ու նվիրումի համար և նշեց. «Ուրախ եմ ողջունել Ձեզ մեր նախարարությունում: Բարով եք եկել: Բոլոր հայերի ճակատագրերը նման են և դրանց մեջ կա ցավ, տառապանք, գաղթ, մաքառում: Ֆրանսիան հյուրընկալել է Ցեղասպանությունից փրկված շատ ընտանիքների, պայմաններ է ստեղծել, որ մեր հայրենակիցները դառնան Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Միշել Լեգրան… և այսօր էլ՝ Արա Խաչադուրյան: Կարծում եմ, որ Արարատի գագաթն ամենասուրբ ու լուսավոր գագաթն է, որ դուք նվաճել եք: Շնորհակալություն, որ Մարսելում հայ համայնքի լավագույն ներկայացուցիչներից եք: Համոզված եմ, որ ապրում եք «Բարձրացիր և բարձրացրու» նշանաբանով»:
Մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար ֆրանսահայ լեռնագնացը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե» մեդալով:

Արա Խաչադուրյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նա տեսանյութով ներկայացրեց իր մարզումները, նախապատրաստական աշխատանքը, Էվերեստը նվաճելու դժվարությունները: Լեռնագնացը նշեց, որ իր երազանքը՝ Էվերեստի նվաճումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրելն էր, ինչը չհաջողվեց իրականացնել 2015թ. երկրաշարժի պատճառով: Սակայն երկրաշարժն առիթ դարձավ, որ նա բազմաթիվ հարցազրույցների ընթացքում բարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին:

01 02 03 04 05

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *