001

Սրտաբան Վիկտոր Սահակյան. «Բժիշկը պետք է օրվա 24 ժամը պատրաստ լինի օգնության ձեռք մեկնելու մարդկանց»

Մարտունու բժշկական կենտրոնի սրտաբան Վիկտոր Բալաբեկի Սահակյանն ավելի քան չորս տասնամյակ է, ինչ Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ անտրտունջ իր գործին է և մեծ հարգանք ու ճանաչում ունի ամբողջ Գեղարքունիքի մարզում:

«Բժշկի մասնագիտությունը որևէ այլ մասնագիտության հետ համեմատել չի կարելի,- ասում է մարզի միակ սրտաբանն ու շարունակում,- օրվա 24 ժամը ես պետք է պատրաստ լինեմ մարդկանց օգնության ձեռք մեկնելու, ինձ դիմում են անգամ շատ ուժ ժամերի, երբ անհրաժեշտ է լինում անհետաձգելի օգնություն ցուցաբերել մարդուն: Եվ երբ հիվանդին կարողանում ես ինչ-որ բանով օգնել, հասկանում ես, որ իզուր չես ընտրել այդ մասնագիտությունը, որ քո կարիք կա: Բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Եվ ես կարծում եմ, որ հասարակության կյանքում պետք է առավելագույնս արժևորվի բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի մեր լավագույն բժիշկների նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Աստծո ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում ենք ամենաանգինը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը»:

Վիկտոր Սահակյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 3-ին: Ոսկե մեդալով Մարտունիում ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև բժշկի մասնագիտության հանդեպ տածած մեծ սերը նրան տարել է Երևանի բժշկական համալսարան, որը բարեհաջող ավարտելուց և սրտաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո գործուղվել է Վարդենիսի շրջան և որպես բժիշկ աշխատել Մեծ Մասրիկ գյուղում:

Սրտաբան բժշկի աշխատանքն ու մարդու համար կենսական նշանակություն ունեցող սիրտանոթային համակարգի խորախորհուրդ աշխարհն ամբողջովին գրավել էր Վիկտոր Սահակյանին: Երիտասարդ բժիշկը ցանկանում էր շարունակել ուսումը, կատարելագործվել ասպիրանտուրայում, թեզեր պաշտպանել, գիտական բարձունքներ նվաճել, սակայն ընտանեկան հանգամանքները թույլ չտվեցին իրականություն դարձնել երազանքները:

Ծնողներին օգնել էր պետք, նյութապես ոչ բարվոք պայմաններում էին ապրում, հայրն արդեն վատառողջ էր, և նրանց հանդեպ տածած մեծ սերն ու պատասխանատվության զգացումը Վիկտորին տարան հայրական օջախ՝ Մարտունու շրջան՝ այնտեղ աշխատելու և ծնողների ապրուստը հոգալու:

Պրոֆեսոր չդարձավ, բայց արդեն 43 տարի անգնահատելի ու շատ կարևոր աշխատանք է կատարում, օգնություն է ցուցաբերում մարդկանց: Այս տարիների ընթացքում ձեռք է բերել նաև հարակից գիտելիքների մեծ պաշար, քանզի համոզված է, որ բժիշկ-սրտաբանը պետք է շատ լավ իմանա նաև արվեստի բոլոր ճյուղերը: 4 լեզուների է տիրապետում, հայերենը չհաշված՝ նաև ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն…

Վիկտոր Սահակյանին բոլորն են ճանաչում, շատ սիրված և մեծ հեղինակություն վայելող անձնավորություն է: Նրա մոտ գալիս են ամբողջ մարզի բոլոր բնակավայրերից, և չի եղել մի դեպք, երբ ճանաչված սրտաբանը օգնության ձեռք չմեկնի իրենից օգնություն հայցող որևէ հիվանդի: Եվ որպեսզի լիարժեք լինի բուժօգնությունը՝ իր իսկ նախաձեռնությամբ սրտաբանական կենտրոն է բացել Մարտունիում:

Վիկտոր Սահակյանը հպարտությամբ է նշում, որ Արցախ աշխարհին օգնության ձեռք մեկնելու գործում իրենց համեստ ներդրումն ունեն նաև Մարտունու բժիշկները: Եվ տեղեկացնում է, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ Հայաստանի Մարտունին և ԼՂՀ Մարտունի քաղաքը քույր քաղաքներ են, իրենք բազմաթիվ անգամներ մեկնել են Ղարաբաղ՝ Մարտունու շրջան և ուժերին ներածի չափով օգնություն ցուցաբերել թե բնակչությանը և թե այնտեղի բուժանձնակազմին: Այդ օգնությունը լինելու է պարբերաբար և շարունակական:

Վիկտոր Սահակյանը, բարձրակարգ մասնագետ լինելուց զատ, նաև սրտացավ մարդ է և ակտիվ քաղաքացի, մտահոգ է հայրենի մարզի, և, ընդհանրապես, Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս բարդ վիճակով, արտագաղթի փաստով: Շատ է ցանկանում, որպեսզի բարելավվեն մարդկանց կենսապայմանները, որպեսզի մարդիկ չլքեն մարզը, Հայաստանը:
Ցանկանում է, որպեսզի Մարտունին ապահովվի ժամանակակից անհրաժեշտ բուժսարքավորումներով, և առաջին հերթին՝ տամոգրաֆիայի ախտորոշիչ սարքավորումով, որպեսզի մարդիկ մի քանի օրով չկտրվեն գործից և չհասնեն մայրաքաղաք…

Վիկտոր Սահակյանը աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ պարգևներ և խրախուսանքներ, արժանացել ՀՀ Վարչապետի պատվոգրին: Հպարտանում է, որ կինն ու դուստրը ուսուցչուհիներ են, և լծված են մատաղ սերնդի դաստիարակության հայրենանվեր գործին:

Ուրախությամբ նշում է, որ Մարտունու բժշկական կենտրոնը շուրջ երկու տարի է անչափ սրտացավ և գործին նվիրված մարդ է ղեկավարում՝ գլխավոր բժիշկ Վարդան Կարապետյանը, ով նաև լավ կազմակերպիչ լինելուց զատ, նաև հմուտ վիրաբույժ է և ամեն ինչ անում է բուժհիմնարկը ըստ ամենայնի ոտքի կանգնեցնելու և ճանաչելի դարձնելու համար:

«Բժիշկն է առաջինը օգնության ձեռք մեկնում և դողորայք հասցնում հիվանդին,- ասում է Վիկտոր Սահակյանը: Բժիշկը մշտապես հիվանդի կողքին է եւ կարեւոր ու պատասխանատու դեր է վերցնում իր ուսերին, բարոյական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերում հիվանդին ու նրա հարազատներին: Հետևապես՝ պետք է հարգել և հավատալ բժշկին: Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է»:

001

007

005

004

003

002

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *