888

Հայաստանցի քաղաքագետները մեկնաբանում են Ադրբեջանի արտգործնախարարի թբիլիսյան հայտարարությունը

Էլմար Մամեդյարովը, հիշեցնենք, երկուշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է, թե «Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կարծես ճիշտ ուղու վրա են»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ պաշտոնական Բաքուն ակնարկում է, թե պատրաստ է ռուսական պլանով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ փորձելով այս կերպ դրդել Ռուսաստանին ուժեղացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք Մամեդյարովի խոսքերին, այն գրեթե անուղղակիորեն վերարտադրում է Լավրովի պլանը տնտեսական կապերի վերականգնման, տնտեսական օգուտների և այլնի կապակցությամբ: Բաքուն կարծեք թե հասկացնում է, որ ինքը պատրաստ է ռուսական պլանով կարգավորմանը և ակնկալում է, որ Մոսկվան կշարունակի ճնշումները Երևանի վրա՝ այդ լուծմանը հասնելու առումով: Այսինքն Բաքուն բավականին նուրբ թակարդ է լարում, և այս առումով, այո՛, մտահոգվելու խնդիր կա, որովհետև փաստացի փորձում է ճնշումների դաշտ բացել Երևանի վրա՝ հասկացնելով, որ ինքը կողմ է ռուսական պլանին, և Մոսկվան խնդիր ունի Երևանի հետ», — «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իրականում, սակայն, ըստ Սաֆարյանի, Ադրբեջանը ոչ թե կողմ է ռուսական ծրագրին, այլ իմիտացիայի է գնում՝ լարելու Հայաստան — Ռուսասանի հարաբերությունները և Մոսկվային դրդելով գործողությունների Երևանի դեմ:

Հարցին, թե ի՞նչ քայլերի պետք է դիմի Երևանը, քաղաքագետը պատասխանեց․ — «Երևանի համար էլ կարծեք թե այս ամենը նյարդային պատերազմ է, Երևանն էլ փորձում է ցույց տալ փոխզիջումներին իր հավատարմությունը՝ թեպետ հրաշալի հասկանալով, որ ո՛չ սեփական հասարակությունը, ո՛չ էլ ինքը այլևս չեն կարող համաձայն լինել կարգավորման նախկին տարբերակներին, ինչի մասին մի քանի անգամ անուղղակի ակնարկել է Սերժ Սարգսյանը, երբ խոսում է անցյալ ժամանակային ձևով, որ՝ Երևանը այն ժամանակ համաձայն էր, բայց կարծեք թե այժմ համաձայն չէ: Նաև ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի» գործողության հետ կապված հանրային ռեակցիան, կարծում եմ, Հայաստանի իշխանությունների համար ակնհայտ են դարձնում, որ ինքը նման պլան Հայաստանի հասարակությանը վաճառել չի կարող: Նույն կերպ և վաճառել չի կարող Ադրբեջանը: Հետևաբար երկու կողմն էլ պարզապես փորձում են ցույց տալ, թե իրենք կողմնակից են կարգավորման այդ տարբերակին, մինչդեռ իրականում երկուսի համար էլ հավասարապես այն անընդունելի է և չեն կարող ուղղակի համաձայնել դրան: Պարզապես յուրաքանչյուրը փորձում է այնպես անել, որ մերժողը այս ամենի լինի մյուս կողմը: Հընթացս նաև Բաքվի նպատակն է, եկեք ճիշտ հասկանանք, ոչ թե այս պահին խնդրի կարգավորումը, այլ ավելի թուլացնելը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշինքը: Ըստ էության նաև ակնհայտ է, նաև Ադրբեջանի նախագահականին մոտ կանգնած լրատվամիջոցների պահվածքից, որ նրանք ակնկալում են, որ մինչև տարվա վերջ, համենայն դեպս, կա՛մ Ռուսաստանը կկարողանա կատարել իր խոստումը՝ վերադարձնելով մի քանի շրջաններ, կա՛մ այդ ընթացքում իրենք այնքան վատացրած կլինեն Հայաստան — Ռուսաստան հարաբերությունները, որ կկարողանան միգուցե հաջորդ տարվա ընթացքում դիմել հերթական արկածախնդրությանը»:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *