99

ՊՆ զորամասի պահեստապետը մեղադրվում է 17 մլն դրամ գումար յուրացնելու մեջ

Հայաստանի Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ռազմատեխնիկական գույքի պահեստի նախկին պետ, կոչումով ավագ ենթասպա Արտաշես Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափի յուրացումներ կատարելու մեջ և այժմ կանգնել է դատարանի առջև:

Մեղադրական եզրակացության համաձայն, նախկին ՊՆ պահեստապետը պատասխանատու է եղել պահեստում նյութական միջոցների առկայության և ժամանակին հաշվառման համար, պարտավոր է եղել հետևել այդ միջոցների առկայությանը, բացառել դրանց պակասորդները, վարել պահեստում գտնվող նյութական միջոցների քանակական հաշվառումը:

Զինվորական դատախազությունը 34-ամյա Արտաշեսին մեղադրում է այն բանի համար, որ նա 2013-ից մինչև 2015թ. օգոստոսի 13 ընկած ժամանակահատվածում, պարբերաբար պահեստից դուրս է բերել իրեն հանձնված, պահեստում պահվող և ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 17.550.080 ՀՀ դրամին համարժեք տարբեր տեսակի մալուխներ, թիրախներ, ամբարձիչներ, մետաղական խողովակներ, յուղաներկեր, մետաղական ճոպաններ և յուրացրել:
Բացի այդ, ըստ նույն մեղադրանքի, վերադաս հրամանատարության մոտ իր ծառայողական պարտականությունները անթերի, ճիշտ և ժամանակին զինծատայողի պատրանք ստեղծելու նպատակով, յուրաքանչյուր ամիս պահեստներում պահվող ապրանքանյութական արժեքների վերաբերյալ կազմել է ակնհայտ կեղծ հաշվետվություններ:

Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափի յուրացնելը և վատնելը», ինչպես նաև 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշենով՝ «պաշտոնական կեղծիքը»:

Արտաշես Ա.-ի վերաբերյալ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ դատաքննությունն այժմ ապացույցների հետազոտման փուլում է:

Արտաշեսի փաստաբան Սեդա Սաֆարյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մասամբ է ընդունում մեղադրանքը: Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի համար էլ է անակնկալ եղել այդքան խոշոր չափի հասնող վնասը, որը մատնանշված է մեղադրական եզրակացության մեջ:

«Նա գտնում է, որ 179 հոդվածով սահմանված արարք ինքը չի կատարել: Ընդունում է, որ որոշակի անփութություններ արել է, բայց դա չէր կարող հանգեցնել 17 մլն դրամ գումարի կորստին: Անփութությունն էլ ընդունում է, որովհետև աշխատանքային այնպիսի ծանրաբեռնված իրավիճակ է ստեղծվել, որ որոշակի առումով նաև իր հսկողությունից դուրս են մնացել առաքումները, մուտքագրումները, ստուգումները: Տեղեր կա, որ ինքը մեղավոր է եղել. տեսել է, որ միայնակ իր վիճակի չէ զորամասի 22 պահեստ միանգամից հսկի, հետևողական չի եղել, զգուշացնելու վերադասին, որ կարող է վերջը վատ լինի», -ներկայացրեց փաստաբան Սաֆարյանը:
Փաստաբանն ասաց, որ այս տարիների ընթացքում ընտրովիության սկզբունքով ստուգումներ են կատարվել և պարզվել է, որ յուրացում չկա, իսկ վերջին ստուգումը կատարվել է 2015 թվականի հունվարին ու պարզվել է, որ մինչ այդ եղել են յուրացումներ:
«Իրենք իրենց ստուգումներին և դրանց արդյունքում կազմված ակտերին հակառակ, մեղադրական որոշում են կայացրել, մեղադրանքին ձևակերպումներ են տվել: Հիմա այդ նույն հարցը դատարանին է մտահոգում՝ ասում է, եթե դուք 2015-ին թեկուզ ընտրովիության սկզբունքով արձանագրել եք, որ ամբարձիչ չի յուրացվել, ինչպե՞ս է ստացվում, որ չորս ամիս հետո արձանագրում եք, որ յուրացում է եղել», -հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ 17 մլն դրամը առանձնապես խոշոր չափի գումար է և հնարավոր չէ, որ ընթացքում դրա պակասը չերևար:

Այժմ, ըստ փաստաբանի, որոշակիորեն ընդունելով մեղադրանքը, Արտաշեսը վերակագնում է վնասը:

«Չենք հասկանում՝ ինչ է եղել: Մեղադրանքի ձևակերպումը և կատարվող քննության փաստարկները հակասության մեջ են: Այս տղան, անկախ նրանից ինչքան է տարել, որոշակի վերականգնումներ անում է, բայց եթե անում է, չի նշանակում, որ այդքան գումարն ինքն է յուրացրել», -նշեց փաստաբանը:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *