22

Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

Հովիկ Աբրահամյանը այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: «Ես որոշել եմ հրաժարական տալ», — հայտարարեց նա:

«Իմ ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում ես պայքարել եմ քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար», — ասաց, մասնավորապես, Աբրահամյանը: — «Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական թե հողի աշխատավոր, արվեստաբան թե առևտրական, դաշնակից թե ընդդիմադիր, շինարար թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ»:

«Մեր որդեգրած անկեղծ և իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան՝ սակայն հասարակությունը դեռևս մնաց բևեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռևս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչև կոռուպցիայի դեմ պայքարը», — հայտարարեց վարչապետը՝ շարունակելով․ — «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ»:

«Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը», — ասաց Հովիկ Աբրահամյանը՝ այնուհետև խոսելով կառավարության իրենց համատեղ աշխատանքով ձեռք բերված արդյունքների մասին:

Ավարտելով խոսքը՝ վարչապետը նիստի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հայտարարեց․ — «Որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը»:

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը երկրի նախագահը ընդունում է կառավարության հրաժարականը և վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *