555

Պավել Մանուկյանը վարչապետի հրաժարականը կապում է «Սասնա ծռեր»-ի գործողությունների հետ

Այսօր կեսօրին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը, ով հետազոտություններից հետո հավանաբար վաղը կենթարկվի ոտքի երկրորդ վիրահատությանը։ Շտապ օգնության մեքենայով հիվանդանոց բերված Մանուկյանին հաջողվեց կարճ հարցեր ուղղել: Նա ասաց, որ իրեն գերազանց է զգում, որ իր առաքելությունն ավարտված չի համարում․ — «Նոր ենք սկսել, մինչև չտեսնենք ապահով, ազատ և ինքնաբավ Հայաստան»:

Հարցին՝ «համարո՞ւմ եք, որ Ձեր նպատակին հասել եք», Մանուկյանը պատասխանեց. — «Առայժմ ոչ»:

Պավել Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե կապո՞ւմ է արդյոք Մանուկյանը վարչապետի հրաժարականը «Սասնա ծռեր»-ի գործունեության հետ: «Պավել Մանուկյանի սկզբունքը, դիրքորոշումը հետևյալն է՝ չի կարող, որ երկրում որևէ փոփոխություն չլինի, և էդ փոփոխությունները անպայմանորեն կապվում են նաև «Սասնա ծռեր»-ի հետ, ինչո՞ւ՝ որովհետև «Սասնա ծռեր»-ը ստեղծել են մի իրավիճակ, որը պարզ ասում էր՝ էս ճանապարհով շարունակել չի լինի: Մեր պատկերացմամբ, իշխանությունն էլ շուտով կփոխվի, որովհետև էպիզոդիկ փոփոխությունները որևէ արդյունքի չեն հասցնի», — պատասխանեց Բաղդասարյանը:

«Էրեբունի» բուժհաստատությունից տեղեկացանք, որ միայն հետազոտություններից հետո հստակ կնշեն, թե երբ է վիրահատվելու Պավել Մանուկյանը, իսկ փաստաբանի հաղորդմամբ, արդեն այս՝ երկրորդ վիրահատության ընթացքում Մանուկյանի ոտքի մեջ պետք է տեղադրվի մետաղական հարթակ։

Ըստ փաստաբանի, Մանուկյանը լուրջ մարմնական վնասվածք էր ստացել, քանի որ նրա ազդոսկրը հրազենային վիրավորումից, կարելի է ասել, փշրվել էր․ — «Մեզ համար շատ կարևոր է, որ ոսկրային հյուսվածքները համադրվեն, որպեսզի ոսկորն աշխատի»:

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *