vardan-hovivyan-2

ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ

ԽՈՍՔ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝
ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆԻ ՀՈՎԻՎՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մոսկվայից հասած բոթը թիկունքին ստացած դավադիր հարվածի պես անակնկալի բերեց Վարդանին ճանաչողներին:
Առաջին ու ամենամեծ արձագանքը ափսոսանքն էր…
Հազար ափսոս Վարդան Հովիվյանին, մեզ՝ նրա «մի խումբ ընկերների» համար՝ դիլիջանցի Վարդանին…

Իսկ «մի խումբ ընկերների» պատմությունն այս է. 1990 թվականին «Սպուտնիկ» համամիութենական տուրիստական երիտասարդական գործակալության միջոցով երկշաբաթյա շրջագայության էինք մեկնել Ռումինիայի ծովափնյա գողտրիկ քաղաք Մամայա: Խմբի ղեկավարը «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանն էր:

«Ավանգարդ»-ից Ռումինիա էին ուղևորվում ևս 2 աշխատակիցներ՝ Վարուժան Բալյանն ու Վաչագան Սարգսյանը: Մեկնման նախօրյակին Ջուլիետան վերջիններիս ներկայացրեց խմբում ընդգրկված մի շնորհալի երիտասարդի` այսօր արդեն ճանաչված և անվանի նկարիչ, տարիներ առաջ ընտանիքով հեռավոր Պրագայում բնակություն հաստատած Հովիկ Մուրադյանին (նեղ-ընկերական շրջապատում՝ Չեխ Հովիկ): Խմբի մնացած անդամները հանրապետության տարբեր հիմնարկներում աշխատող երիտասարդներ էին՝ մեկս մյուսին դեռևս անծանոթ:

Եվ անծանոթության ու օտարության սառույցը ուղևորության առաջին րոպեներից իր անմիջականությամբ և անկրկնելի հումորով հենց «Զվարթնոց» օդանավակայանում կոտրեց խմբի թերևս ամենակրտսերը՝ 25-ամյա Վարդանը, ով Դիլիջանից էր եկել:

Բարձր տրամադրությամբ և հեռավոր աշխարհներ տեսնելու ակնկալիքով ու հավատով Երևանից ինքնաթիռով հասանք Մոսկվա:
Վայրէջքից քիչ անց, երբ պետք է ուղևորվեինք երկաթուղային կայարան, համոզելու մեծ ձիրքով օժտված Վարդանը դիմեց խմբի ղեկավարին.

— Մի կտոր հաց չուտե՞նք, մոտիկից չծանոթանա՞նք…

Հանպատրաստի սեղանը բացվեց հենց օդանավակայանի ժամանման սրահում` տնից ճանապարհի համար վերցրած մթերքներով: Նաև խմիչք հայտնվեց, կենացներ հնչեցին, մթնոլորտը ջերմացավ և այն շարունակվեց Մոսկվայից Ռումինիա ուղևորված գնացքում, որի ամեն վագոնում խորհրդային տարբեր հանրապետություններից հավաքված երիտասարդական խմբեր էին և որոնց հետ, դարձյալ շնորհիվ Վարդանի, դրվեց ծանոթության և հետագա ընկերության հիմքը…

Իսկ հետո … անմոռանալի և անհոգ օրեր, այդ օրերն ապրելու ու վայելելու երիտասարդական անհագ ձգտում և ցանկություն, իրադարձություններով, դիպվածներով ու արկածներով հագեցած երեկոներ և աստղազարդ, անքուն գիշերներ ծովափնյա գողտրիկ քաղաք Մամայայում, ուր ցերեկները Սև ծովի ափին մեզանից յուրաքանչյուրն իր երազանքների դղյակներն էր ուրվագծում ռումինական թեժ ավազների վրա, իսկ մայրամուտից հետո, հավաքվում էինք հյուրանոցի որևէ համարում և գինու սեղանի շուրջ՝ Ձախ Հարութի «Էլ չենք լինի մենք 20 տարեկան» և հունական «Եմու» երգերի հնչյունների ներքո նախ մի պահ տխրում էր երեկոն, որից հետո՝ այդ տարիներին նոր-նոր շրջանառության մեջ մտած «Լամբադա» կրակոտ պարով մեկեն փոթորկվում ու շիկանում էր մթնոլորտը, հյուրանոցի համարը, մեզ համար նաև՝ ամբողջ հյուրանոցն ու աշխարհը, և այդ ժամանակ գոյություն չուներ որևէ մեկ այլ ուժ, որ մեզ կարողանար հետ պահել, այսօրվա հայացքով ասած, մեր այդ խելահեղ առօրյայից:

Դաշնամուրի դասընթացների հաճախած Գայանեն և նրա կրտսեր քույրը՝ Կարինեն, որ նետաձգությամբ էր զբաղվել, մեզ բացատրում էին, որ մի քանի երկրներում, կառավարությունների մակարդակով, արգելվել է «Լամբադան» պարել նավերի վրա, քանի որ բոցաշունչ, կրքոտ և հույժ շարժուն այդ պարը կարող էր նավերի կործանման պատճառ դառնալ և օրինակներն արդեն կային (այդ զգուշացումը հետո շատ պետք եկավ Վարդանին և Վարուժանին, որի մասին՝ քիչ անց):

Կյանքի ամեն մի գողտրիկ պահը արթուն մնալու և վայելելու այդ յուրօրինակ հատկությունն ու մեծ էներգիան մեզ հաղորդում էր Վարդանը: Նա մեր խմբի շարժիչ ուժն էր, անհնարինը մեկ էլ տեսար նրա մտքի թռիչքի շնորհիվ դառնում էր ակնհայտ, զարմացնում և հիացնում էր բոլորիս իր անսպասելի նախաձեռնություններով և հենց դրանում էլ թաքնված էր նրա հմայքի մեծ ուժը:

Հյուրանոցային համարում հերթական ուրախ ու փոթորկուն երեկոն անցկացնելուց հետո մեկ էլ տեսար Վարդանը կառաջարկեր չքնել, արթուն մնալ և արևածագը դիմավորել ջերմ ընկերների մեր խմբով՝ միասին…
Այսինքն, պետք է միասին հաղթահարեինք, Վարուժանի սիրած բառով ասած՝ ադամամութը՝ արշալույսին անմիջապես նախորդող մութը, արշալույսի աղջամուղջը (ադամամութ բառը հետո սկսեցին հաճախակի օգտագործել նաև Վարդանը և Հովիկը):

Իսկ մի անգամ էլ Վարդանը, Վարուժանը և Գայանեն, Վարդանի նախաձեռնությամբ, ուտելիք, խմիչք և մագնիտոֆոն վերցրած` խարխուլ նավակով բաց ծով են դուրս գալիս: Հունական դիցաբանության շուրջ ծագած մի բանավեճի ժամանակ Վարդանը Վարուժանին պատմական հավաստի փաստեր և աղբյուրներ վկայակոչելով` հավաստիացրել էր, որ Սև ծովի առափնյա հատվածներից մեկում աննկարագրելի գեղեցկության և բարության տեր մի կին` ջրահարս է ապրում:

Ըստ հանրագիտարանային մի վկայության` մ. թ. ա. 6-5-րդ դարերում հույն ծովագնացները Սև ծովն անվանել են Աքսենյոս Պոնտոս` «Անհյուրընկալ ծով»՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, իսկ մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս Պոնտոս` «Հյուրընկալ ծով»։

Եվ ահա երեքով նստում են նավակն ու դիցուհուն հանդիպելու հույսով ու ջրահարսի փնտրտուքի մեջ` տղաները, մի քանի բաժակ դատարկելով, չեն էլ նկատում, թե ինչպես ափից մի քանի տասնյակ մետր հեռացել են: Ահա հենց այստեղ, հերթական կենացից հետո, երբ խոսքի վարպետ Վարդանը միացրել է մագնիտոֆոնն ու բաց ծովում տարածվել են «Լամբադայի» հնչյունները, Վարուժանին հիշեցրել և խստորեն զգուշացրել է, որ հանկարծ Գայանեին նավակում չառաջարկի պարել…
Բայց ինչպես ասում են, պահն օրհասական էր, և ամենևին էլ պարելու ժամանակը չէր, քանի որ անսպասելի քամի է բարձրացել, նավակը տերևի պես սկսել էր ծովում ճոճվել առանց «Լամբադայի»:
Երեքից ամենասթափը՝ Գայանեն, ճարահատյալ սկսել է օգնություն կանչել և բարեբախտաբար քիչ անց ռումինացի բարձրահասակ և ամրակազմ լողորդի շնորհիվ բարեհաջող հասել են ափ …

Վարուժանը, որ լողալ չգիտեր, ափ հասնելուց հետո գլխներին եկածը պատմել է նախ խմբի ղեկավարին՝ Ջուլիետային, հետո Վաչիկին ու Հովիկին, ապա չգիտես ինչու` սկսել է բոլորի ներկայությամբ Իսահակյան արտասանել.

— Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին…

Լարված մթնոլորտը դարձյալ հանդարտեցրել էր Վարդանը: Նա, որ թեև ամուսնացած չէր, բայց համարվում էր կանանց «գիտակ» և նրանց բնութագրում էր խոհափիլիսոփայական ուրույն ձևակերպումով, Վարուժանին հանգստացնելու և նրա լարվածությունը մեղմելու համար կրկին հիշեցնում է.

— Ի՞նչ նավակ, ի՞նչ երդում, բա չեմ ասել՝ հատը հատ ա…

Այսինքն, ուզում էր ասել՝ սիրելի տղամարդիկ, ի՞նչ եք ձեզ այդպես կոտորում, բոլոր կանայք էլ մեկ են, ջրահարս լինի, դիցուհի, թե սովորական կին, բնությունը նրանց միանման է ստեղծել, այլ խոսքով՝ հատը հատ ա…

Ահա նաև այսպիսի առաքելություն ուներ կյանքում մեր սիրելի ընկեր Վարդանը…

Վարդանի պապը` Հայկ Հովիվյանը, ծնվել է Տրապիզոնի Էլեվի գավառում։
Նրա գերդաստանի 78 անդամները դարձել են Եղեռնի զոհեր։ Ինքը ապաստան է գտել Բեյրութին մերձակա Մերջայուն քաղաքում։ Ամուսնացել է Ադանայից փախած Արաքսի Կիզիրյանի հետ։ 1946 թվականին 6 զավակների հետ ներգաղթել են Հայաստան, բնակություն հաստատել Դիլիջանում։

Հովիվյան ընտանիքի ավագ որդին` Ստեփանը, մանկական հիվանդության սխալ բուժման հետևանքով 10 տարեկանից եղել է հաշմանդամ։ Հայրենիքում բազում վիրահատություններից հետո, սկսել է քայլել հենակների օգնությամբ։ Երբեք դպրոց չհաճախած Ստեփանը զբաղվել է ինքնուսուցմամբ, էքստեռն կարգով հանձնել է քննություններ և ստացել հասունության ատեստատ։ Երկար տարիներ աշխատել է որպես լրագրող։ Ունեցել է չորս երեխա։

Վարդանը` Ստեփանի կրտսեր որդին, ծնվել է 1965 թվականին։
14 տարեկանում ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, բայց չդիմանալով ծնողների կարոտին` վերադարձել է Դիլիջան։
Ավարտել է Դիլիջանի ռադիոտեխնիկական տեխնիկումը։ Աշխատել է քաղաքի տարբեր հիմնարկ֊-ձեռնարկություններում։
90-ական թվականների սկզբներին ամուսնացել է հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Համեստի հետ և տեղափոխվել Մոսկվա։

Այս տարի ավագ դուստրը` Ամալյան, ավարտել է Պլեխանովի անվան համալսարանը։ Փոքր դուստրը` Աննան, ոսկե մեդալով ավարտելով դպրոցը, ընդունվել է Էներգետիկայի ինստիտուտ…

Ընկերների հետ ֆեյսբուքյան վերջին գրառումներում Հայաստանի կարոտը սրտում Վարդանը հպարտացել էր օտար ափերում հայ մարդու դիմագիծը պահպանած իր ընտանիքով, ուրախացել դուստրերի հաջողություններով, և տեղեկացրել, որ երկար տարիների բացակայությունից հետո վերջապես կարող է հանգիստ խղճով գալ հայրենիք, և գոնե որոշ ժամանակ հանգիստը վայելել հայրենի տանը` Դիլիջանում` ընկերների հետ սեղան նստել և բաժակ բարձրացնել…

Վարդանը, ինչպես օգոստոսի կեսերին գրած նամակներից մեկում խոստացել էր, պետք է Մոսկվայից Հայաստան՝ Դիլիջան ուղևորվեր իր ավտոմեքենայով:

Մենք շատ էինք սպասում այդ հանդիպմանը: Միայն նա կարող էր Հայաստան վերադանալով` իրար գլխի հավաքել վաղուց ցրված ու թեև կյանքի դժվարությունների ու հոգսերի բեռը ուսած, բայց միշտ իր լուսավոր կերպարը հիշող իր ընկերներին:

Չեկավ: Չկայացավ մեր հանդիպումը: Մտքում փայփայած վերջին թռիչքը մնաց անկատար ու անավարտ…

Վարդանի հանկարծահաս մահը շշմեցուցիչ հարված էր` շատ ցավալի ու անասելի կսկծեցնող: Բոլոր նրան ճանաչողների և անգամ նրան երբևէ չճանաչածների համար: Անհավատալի էր: Ինչպես կարող էր մահն այդքան դաժան ու անհոգի գտնվել… Աներևակայելի էր:

Այն ձգող մթնոլորտը, կախարդական այն աշխարհը, այն աուրան, տրամադրությունը, որ նա էր ստեղծում իր շուրջը և դրանցով ոգեշնչում շրջապատին, չէին կարող, պարզապես, այդպես հեշտ ու հանգիստ տեղի տալ: Չէ՛, չէին կարող մեկեն անէանալ և ընդամենը ցավալի հուշ կամ հիշողություն դառնալ…

Վարդան Հովիվյանը սիրվելու, հարգվելու, շրջապատի սիրելին դառնալու բնատուր բացառիկ հատկությամբ էր օժտված: Մենք ավելի շուտ դա այսպես ենք կոչում` աստղո՛վ տղա էր: Այո, աստղով էր, ի՛ր աստղն ուներ… Վարդանը Վարդան էր, շա՜տ Վարդան…

Մարդ չկար, չէիր գտնի մեկնումեկին, որ նրան չսիրեր: Վարդանը, քավ լիցի, իդեալական կամ կատարյալ չէր, թերություններ էլ` որքա՜ն ասես ուներ, բայց նրան անհնարին էր … չսիրել:
Ժողովրդի խոսքով ասած, համով-հոտով, ուտող-խմող և, ի վերջո, ուտվող տղա էր, ինչում էլ թաքնված է այդ ամբողջ` ընդհանուրի սիրելին լինելու հրաշք ֆենոմեն- գաղտնիքը…

«Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա…»,- վշտալի լուրը ստանալուց հետո մեր ընկերոջ վաղանցիկ կյանքը բնութագրելու համար Ակսել Բակունցին է հիշում Վաչագանը:

«Լուսադեմի խավարն է՝ ադամամութը, այն ժամը, երբ թանձր խավարից ճառագայթում է լույսը»,- Բակունցի մեկ այլ խոսքն է արտաբերում Վարուժանը:

Ցավում ու մորմոքում են բոլորը՝ Ջուլիետան, Գայանեն, Կարինեն, Հովիկը հեռավոր Պրագայից սփոփանքի խոսքեր է փնտրում…

Համբերություն քեզ, տիկին Համեստ, մեծ համբերություն ձեր որբացած ընտանիքին և Վարդանի գերդաստանին, թող Աստված ուժ և տոկունություն տա քեզ և քո դուստրերին, որ կարողանաք իրականություն դարձնել մեր Վարդանի երազանքները:

Բարի բախտ մեր ընկերոջ դուստրերին…

Նրա աստղը որքան պայծառ ու լուսաշող էր, այնքան էլ վաղաժամ, ճակատագրի չար կատակով, մարեց: Ճիշտ է, մարեց, բայց և, վստահ ու հավատացած ենք, երկնային անմահություն գտավ…
Խորին խոնարհում հիշատակիդ` մեր անմոռանալի ընկեր:

Կյանքը՝ ակնթարթներում

vardan-hovivyan-1
vardan-hovivyan-2
vardan-hovivyan-3

vardan-hovivyan-4

vardan-hovivyan-5

vardan-hovivyan-6

vardan-hovivyan-7

vardan-hovivyan-8

vardan-hovivyan-9

vardan-hovivyan-10

vardan-hovivyan-11

vardan-hovivyan-12

vardan-hovivyan-13

8279

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *