001-2017-05-28_140033

Գնահատանքի խոսքեր՝ հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի գործունեությունը

2017-06-12_144338

Հունիսի 10-ին Երևան քաղաքի Մոսկվայի տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կայացավ Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, 1992–1995թթ. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հյուրեր Սանկտ-Պետերբուրգից և Մոսկվայից: Ցուցադրությունը, որը նվիրված է Ռուսաստանի օրվան, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների բազմամյա բարեկամությանը, ներառում է ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում են 10 երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլղոլիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում և Վրաստանում հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին: Միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Գյումրի քաղաքի ղեկավարության խնամատարությամբ 2016թ. ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի ընտանիքին հանձնվեց Հրաչյա Պողոսյանի նվիրած բնակարանի բանալին: Ընտանիքի անդամներին հանձնելով բնակարանի հավաստագիրը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատաեց Հրաչյա Պողոսյանի բազմաբնույթ բարեգործական գործունեությունը, որը մեծապես նպաստում է հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: Նա մասնավորապես ասաց. «Այս սրահում ցուցադրվող նկարներն ու արված գործերն արդեն բնորոշում են Հրաչյա Պողոսյանին՝ որպես մեծ մարդու, հրաշալի հայի, Ռուսաստանի օրինակելի քաղաքացու ու բարերարի: Սիրելի Հրաչյա, որքան տալիս ես, թող դրա տասնապատիկն ավելանա, մեծանա նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու քո հնարավորությունները»: Հրաչյա Պողոսյանը հոգևոր, մշակութային և պատմական նշանակության 80-ից ավելի կառույց է ստեղծել, հիմնանորոգել: Նրա ջանքերով հրատարակվել են տասնյակ գրքեր և պարբերականներ, նկարահանվել վավերագրական ֆիլմեր: Միջացառման շրջանակներում կայացավ նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ: Աշխատությունը ներկայացրեց մարշալի թոռը՝ Իվան Սերգեյի Բաղրամյանը: Այնուհետև ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլ­մը, որը նվիրված է 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարա­նում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ էին դար­ձա Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխաներ: 2016թ-ին Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան և վերականգնվել տապանաքարը:

Հրաչյա Պողոսյան. «Մեծագույն երջանկություն է, երբ օտար ափերում մասնակիցն ես Հայրենիքիդ հզորացման սուրբ գործին»

ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի ղեկավարի տեղակալ, հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանն ապրում և աշխատում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Արդեն երկար տարիներ նա հայ-ռուսական բարեկամության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Եվ որպես ասվածի հերթական վկայություն և ապացույց` նշեմ, որ ընդամենը մի քանի օրից` հունիսի 10-ին, Երևանի «Մոսկվայի տանը» տեղի կունանա հայ-ռուսական բարեկամությանը նվիրված ներկայացուցչական կարևոր միջոցառում, որի հովանավորը դարձյալ ինքն է` ճշմարիտ և ազնիվ բարեկամության կողմնակից Հրաչյա Պողոսյանը: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, խաչքարերը: Իսկ թե այդ պատմական ժամանակահատվածը ի՞նչ կարևորություն ունի նրա համար` Հրաչյա Պողոսյանը տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Իմ երկու պապերից մեկը Հայրենական մեծ պատերազմում զոհվել է, իսկ մյուսը` ծանր վիրավորվել: Ես իմ մայրական տատիկին ժպտալուց չեմ տեսել և հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր նա այդպիսին: Պապս գնացել էր պատերազմ և չէր վերադարձել: Տատիկիս հաջողվել էր իր բոլոր երեխաներին պահել, մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, ինչը հեշտ չէր միայնակ կնոջ համար: Ինձ համար նա իսկական հայ կնոջ կերպար է»:
Մեծ ուշադրություն դարձնելով Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների պահպանման եւ վերականգնման գործին` Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 80-ից ավելի մշակույթի, հոգևոր և պատմական նշանակության կառույցներ և հուշակոթողներ:

001-2017-05-28_140033
Ցուցաբերած անձնուրացության համար Հրաչյա Պողոսյանին շնորհվել են բազմաթիվ պարգևներ՝ Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, Ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք ու Պատիվ» 3-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու երկրորդ կարգի շքանշան, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվեց պետական բարձրագույն պարգև՝ «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս ուղղափառ եկեղեցու մի շարք պատվավոր մեդալներ, ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունների մի շարք մեդալներ, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների բարձրագույն ոսկե մեդալներ, իսկ սփյուռքի նախարարից` «Պողոս Նուբար» մեդալ և ոսկե մեդալ։ Ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ձեռքով պարգևատրվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով:
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն: Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 150-ից ավելի ռազմական գործիչներին:
Հրաչյա Պողոսյանը զինվորական է, պահեստի մայոր: Ծնվել է 1970 թ. օգոստոսի 11-ին, Արմավիրում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: 1988 թ. ավարտել է Երևանի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը, 1992-ին՝ ՌԴ Չելյաբինսկի ռազմական ուսումնարանը: Լեյտենանտի կոչում ստանալուց հետո զինվորական ծառայության է անցել Լենինգրադի մարզում: 1999-ին զորացրվել և սկսել է զբաղվել բիզնեսով: Զբաղվել է ազգային կերակուրների արտադրությամբ, հանրային շինարարության և վերականգնողական աշխատանքներով՝ գլխավորելով ՌԴ-ում հայտնի մի շարք ընկերություններ:
Ծավալած հասարակական և բարեգործական ակտիվ գործունեության համար նրան Սանկտ Պետերբուրգում, և, ընդհանրապես, Լենինգրադի մարզում, ընդունում են որպես հարազատի: Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգևոր արժեքների և հոգևոր խորհրդանիշների հանդեպ: Խաչքարը նրա համար մեր ժողովրդի տառապանքի, ցավի ու տոկունության խորհրդանիշներից է, այդ պատճառով էլ Սանկտ Պետերբուրգում՝ Սինյավյան բարձունքում, նրա ջանքերով տեղադրվեց խաչքար՝ որպես հարգանք ու խոնարհում Հայրենական պատերազմում ընկածների հիշատակի:
— Հենց այս խաչքարով էլ սկիզբ դրվեց եղբայրական ծառուղուն,- ասում է Հրաչյա Պողոսյանը: Ընդհանրապես, Սանկտ Պետերբուրգն աշխարհի այն բացառիկ քաղաքներից է, որը ցույց տվեց հերոսության փայլուն օրինակներ: Պաշարման դժվարին տարիներին լենինգրադցիները կարողացան ոչ միայն դիմանալ ու դիմակայել, այլև պաշտպանել քաղաքը, որը համաշխարհային մշակույթի կարևոր հանգրվաններից է: Ես գիտեմ, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են նաև մեծ թվով հայեր, պաշարված քաղաքում իր գործունեությունն է ծավալել մեծանուն Վահրամ Փափազյանը՝ հանդես գալով նաև ռազամաճակատային գծում: Իմ տեղադրած խաչքարը նաև խնկարկումն է Լենինգրադը պաշտպանած մեր հայրենակիցներին:
Սանկտ Պետերբուրգի պատմության կարևորագույն հատվածներից մեկն էլ պաշարման ճեղքումն էր՝ Հայրենական պատերազմի պատմության փառահեղ դրվագներից մեկը, որի կողքով նույնպես անտարբեր չի անցել Հրաչյա Պողոսյանը: Հուշարձան է կանգնեցրել, իսկ բացատրությունը հետևյալն է. «Երբ Սանկտ Պետերբուրգում նման հուշարձան է կանգնեցվում հայի կողմից, կրկնակի մեծանում է նրա արժեքը, որովհետև սա ապացույցն է այն բանի, որ մենք ընդամենը բնակիչներ չենք այդ քաղաքում: Քաղաքի բարձրագույն ղեկավարության կողմից ինձ հայտնած շնորհակալությունը ես շատ բարձր եմ գնահատում, որովհետև սա արդեն ապացուցում է, որ Ռուսաստանում ապրող շատ հայերիս չեն ընդունում սոսկ որպես բարեգործների, դրսից եկած մարդկանց, այլ որպես այդ երկրի քաղաքացիների, որոնք հաստատում են իրենց ազգային ներկայությունը, տեսակը, մտածողությունը, ովքեր ամենուրեք ձևավորում են նաև հայկականը՝ այսպես միավորվելով այդ երկրի պատմությանն ու նրա ժողովրդին: Իմ բոլոր նախաձեռնություններին սատարել են Ռուս Ուղղափառ Եկեղեցու հայրերը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Սանկտ Պետերբուրգի և Լադոգայի մետրոպոլիտ Վլադիմիրը, Գատչինայի եպիսկոպոս Ամվրոսիմը, ես սիրով համագործակցում եմ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի հետ՝ բնականաբար, իմ շատ նախաձեռնությունների աջակից ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին»:
— Յուրաքանչյուր մարդ պետք է իր ունեցածի չափով բարեգործ լինի,-խոսքը շարունակում է Հրաչյան: Աստվածահաճո գործ կատարելը ինձ համար սրտի ցանկություն է, ուրախության մի անբացատրելի պոռթկում: Ես Հայաստանի իմ հայրենի Ագարակ գյուղում կառուցել եմ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Էջմիածնում տեղադրել եմ խաչքար, որն օծել է Գարեգին Երկրորդ Կաթողիկոս: Իսկ երբ ՀՀ նախագահի կողմից կազմակերպվում են բարեգործական ճաշկերույթներ, որոնց ընթացքում գումարներ են հավաքագրվում, ես չափազանց ուրախանում եմ: Սա նշանակում է, որ Ռուսաստանում մեծանում է հայության կշիռը, ներկայությունը: Երբ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում էր, նա քայլեց քաղաքի փողոցներով, հանդիպումներ ունեցավ հենց փողոցում: Սա առանձնակի հպարտություն հաղորդեց, ռուսները տեղեկացան, որ Հայաստանի առաջնորդն իր հայրենակիցների հետ է: Ես չափազանց կարևորում եմ նման քայլերը, նաև համոզվում, որ ամեն մի այց մեծացնում է սերը Հայաստանի հանդեպ: Այս ամենը մեզ՝ օտարության մեջ ապրող հայերիս, ապրելու և արարելու մեծ լիցքեր է հաղորդում: Օտար ափերում մեր ունեցած հաջողություններն էլ իրենց հերթին նպաստում են Հայրենիքի վարկանիշի բարձրացմանը, ճանաչում ձեռք բերելուն ամբողջ աշխարհում: Եվ մեծագույն երջանկություն է, երբ մասնակիցն ես Հայրենիքիդ հզորացման սուրբ գործին…

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *