444Untitled-1

«Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»

«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…» մեծն վարպետի այս խոսքերով ողջունեց լեզվաբան, թարգմանիչ Հայկուհի Բաբաջանյանը Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր քաղաքներից, Ուկրաինայից, Ղազախստանից հայրենիք ժամանած «ՍԱԴ 2017» ծրագրի առաջին՝ զրոյական խմբի մասնակիցներին, որոնք ամենևին չէին տիրապետում հայերենին:
Դիմելով խմբի մասնակիցներին՝ դասախոսը նշեց, որ, չնայած հայերենն իր յուրօրինակ հնչյունային համակարգով, հարուստ բառաֆոնդով և քերականական բազում հնարավորություններով կարող է սկզբնական շրջանում դժվարին և անմատչելի թվալ նրանց, սակայն դասընթացի ընթացքում կհամոզվեն, որ մայրենի լեզուն հայի գենի և արյան մեջ է:
Դասախոսը վստահեցրեց, որ ջանք չի խնայի, որպեսզի մասնակիցները հեշտությամբ սովորեն հայոց լեզուն և հպարտությամբ հնչեցնեն այն իրենց շուրթերից, քանզի ինչպես նշել է անգլիացի նշանավոր պոետը, «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:
Դասընթացի մասնակիցների տարիքային կազմը բավականին հագեցած է՝ 16-ից մինչև 74 տարեկան: Եվ չնայած այս փաստին՝ նրանց բոլորին միավորել է մեկ զգացում՝ հայ լինելու և մեր մեսրոպատառ լեզվին անճանաչ լինելու ամոթը:
Դասընթացի մեկնարկից մեկ շաբաթ անց՝ մասնակիցներն արդեն գրաճանաչ էին, գիտեին հայերենի ակտիվ բառապաշարի ամենագործածական բառերը: Կապակցված խոսքի զարգացման հաջորդ քայլը՝ բառակապակցությունների և նախադասություների կազմումն էր: Եվս մեկ շաբաթ, և ռուսերենի ու անգլերենի հետ համեմատական մեթոդների կիրառման արդյունքում՝ մասնակիցներն արդեն յուրացրել էին հայերենի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները, սերտել էին թեմատիկ բառապաշարներն ու կարողանում էին հաղորդակցվել հայերենով՝ ներկայանալ, խոսել իրենց ընտանիքի, բարեկամների մասին, նկարագրելը իրենց օրը և այլն:
Ռուսաստանի Տուապսե քաղաքից հայրենիք ժամանած 16-ամյա մասնակից Վանիկ Խաչատրյանը զրույցի ժամանակ խոստովանեց, որ թեև խոսում է հայերեն, բայց նույնիսկ այդ հանգմանքը չի խանգարել, որպեսզի մասնակցի ծրագրին՝ այս անգամ արդեն գրել-կարդալ սովորելու նպատակով:
«Ցանկանում եմ գրական հայերենով խոսել և ամրապնդել ունեցած գիտելիքներս, այդ նպատակով էլ ժամանեցի հայրենիք: Ինձ դուր են գալիս հայաստանաբնակները: Այստեղ մարդիկ ջերմ են, բարեհամբույր, շփվող, հանգիստ ու ազատ, ինչը չէի ասի ռուսների մասին: Ես հինգ տարեկանից երազել եմ դառնալ ատամնաբույժ, դպրոցն ավարտելուց հետո կիրագործեմ երազանքս և հնարավորության դեպքում կսովորեմ Հայաստանի համապատասխան բուհում»,- նշեց Վ. Խաչատրյանը:
«Մեծ հաճույքով և բարձր պատասխանատվությամբ ենք աշխատում յուրաքանչյուր ուսանողի հետ: Իհարկե, հեշտ չէ աշխատել սկսնակների հետ, սակայն ճիշտ աշխատանքի պարագայում ուսուցումը վերածվում է մեր լեզվամտածողության և աշխարհայացքի ուսումնասիրման մի հետաքրքիր գործընթացի, ինչը անպայման կնպաստի դասընթացի հաջող կայացմանը», — նշեց խմբի դասախոսը:

20032125_1814035738612049_4177837337770571165_n

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *