21905459_1569667303091520_629963546_n

Սուրեն Փիրջանյան. «Կյանքս անց եմ կացրել տարբեր երկրներում, բայց ոչ մի տեղ այնքան հանգիստ չեմ զգում, ինչպես Հայաստանում»

Սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին մասնակցեց ավելի քան 1500 մարդ` 70 երկրից:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ինչպես լիագումար, այնպես էլ թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին:

Աշխարհասփյուռ մեր հարգարժան հայրենակիցներից այս տարի համաժողովին իր մասնակցությունն էր բերել նաև ԱՄՆ Լոս Անջելեսում բնակվող, հասարակական անվանի գործիչ, 82-ամյա Սուրեն Փիրջանյանը: Երիտասարդական խանդավառությամբ, աշխատելու և արարելու ավյունով ու կայտառությամբ լեցուն մեր հայրենակիցը գոհ է համաժողովի աշխատանքներից:

— Մայր հայրենիքն այս անգամ տեսա առավել վառ գույներով, իսկ մարդկանց` արարելու և Հայաստան երկիրն էլ ավելի հզորացնելու վճռականությամբ,- ասում է Սուրեն Փիրջանյանը: Իսկ համաժողովը, որը Հայաստանի կառավարությունն ու, մասնավորապես, Սփյուռքի նախարարությունը, կազմակերպել էին բարձր մակարդակով, շատ համահունչ էր իր «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրին: Ես անձամբ, որ մասնակցել եմ մի շարք կարևոր նիստերի, պետք է ասեմ, որ չափազանց գոհ եմ համաժողովի արդյունքներից: Եվ քանի որ քնարկումներն ընթացել են փոխադարձ վստահության մթնոլորտում, ապա հույս ունեմ, որ խոստացված ներդրումները առաջիկայում կյանքի կկոչվեն և կբարգավաճի Հայաստանը…

Սուրեն Փիրջանյանը խոստմանը հավատարիմ` շուտով Հայաստանում հույժ մարդասիրական մի ձեռնարկումով է հանդես գալու` ծերանոց է հիմնելու` մինչև 1400 տեղով:
Ծնվել է 1935 թ. հունվարի 5-ին, Պարսկաստանում, հետո տեղափոխվել է Գերմանիա, ապա բնակություն հաստատել ԱՄՆ-ում:
Բնակվելով տարբեր երկրներում` Սուրեն Փիրջանյանը իր իսկ հավաստմամբ, իրեն ոչ մի տեղ այնքան լավ չի զգում, ինչպես Հայաստանում.

— Երբ ոտքս դնում եմ հայրենի հողում` ասես երիտասարդանում եմ և մոռանում բոլոր դժվարությունները,-ասում է պարոն Փիրջանյանը: — Ցանկանում եմ զորեղ և բարգավաճ տեսնել մեր երկիրը, ցանկանում եմ մարդկանց` մեր հայրենակիցների դեմքներին միշտ լավատեսություն տեսնել, հանդիպել ուրախ հայացքների…

Սուրեն Փիրջանյանը 10 տարի առաջ կորցրել է սիրելի կնոջը: Շատ է մտածում նրա մասին և հոգեպես տանջվում: Իր ասելով` ամեն գիշեր երազում տեսնում է սիրելի կնոջը, իսկ առավոտներն արթնանում է և տեսնում` կինը չկա…

Որդին 50 տարեկան է, խելացի և հաջողակ բիզնեսմեն, սակայն դեռևս չի ամուսնացել: Հայրը շատ է ցանկանում, որ տղան մի շատ լավ աղջկա հանդիպի, ինչպես ինքն է շատ տարիներ առաջ հանդիպել իր կնոջն ու երջանկացել: Ցանկանում է, որ ամուսնանա որդին, ընտանիք կազմի և թոռնիկներ պարգևի տարիքն առած, բայց դեռ կենսախինդ ու կայտառ պապիկին…
Թող իրականանան մեր անվանի հայրենակից Սուրեն Փիրջանյանի բոլոր երազանքները և տա Աստված, որ նա այսուհետև Հայրենիք այցելի թոռնիկների, սիրելի որդու և նույնքան սիրելի հարսի հետ…
Բարի ճանապարհ և բարի վերադարձ Հայրենիք…

002001

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *