001-111

Մեր օրերի հերոսը` Հրանտ Թումասյան․ նրանից սովորելու շատ բան ունի նոր սերունդը

Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ փառավոր հաղթանակների էջերը բազմաթիվ են: Այդ էջերից մեկն էլ պատմում է մարտական պանծալի ուղի անցած «Նիկոլ Դուման» ջոկատի մասին, որի շարքերում կռվել և ռազմական մկրտություն է ստացել Հրանտ Թումասյանը:

Լեռնային Ղարաբաղի ազատագրական մարտերց մեկի ժամանակ ծանր վիրավորում ստացած Հրանտը ներկայումս բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կամքի մեծ ուժի և տոկունության շնորհիվ հաղթահարելով հաշմանդամության խնդիրները` նա կարողացավ վերստին վերադառնալ կյանք, հաղթահարել դժվարությունները, և ավելին` ուղիներ որոնել իր զինակից և ճակատագրակից ընկերներին օգնության ձեռք մեկնելու համար:

Համառությունն ու նպատակասլացությունն այստեղ նույնպես դեր խաղացին, և մեծ եղավ մեր հայրենակիցների ու հատկապես նրա մարտական ընկերների զարմանքն ու հիացմունքը, երբ Հրանտը տարիներ առաջ ժամանեց Հայաստան: Հաշմանդամության անվասայլակով էր, ասես` անօգնական, բայց պարզվեց… օգնություն է բերել արտերկրից, և այն էլ ինչպիսի օգնություն` հաշմանդամ ազատամարտիկներին օդ ու ջրի պես անհրաժեշտ ամենատարբեր ու բազմազան պարագաներ…

ԱՄՆ-ից Հայրենիք այցելությունները դարձան հաճախակի և Հրանտը երբեք դատարկաձեռն չէր գալիս Հայաստան: Մի դեպքում հաշմանդամություն ունեցաղ ազատամարտիկներին հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոցներ` ավտոմեքենաներ, մի դեպքում` անվասայլակներ, բժշկական և սանիտարական պարագաներ, մեկ այլ դեպքում` իր իսկ նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հեռարձակվող AABC հեռուստաընկերության «Բարև» հեռուստածրագրի հեղինակ և վարող, տաղանդաշատ ասմունքող Նունե Ավետիսյանի աջակցությամբ եթեր հեռարձակված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներ…

Եվ ահա Հրանտ Թումասյանը կրկին Հայաստանում է: Իր նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Հայրենիք է բերել հերթական օգնությունը` նվիրաբերելու Հայաստանի սահմանների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի ազատագրության մարտերի ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած ազատամարտիկներին` իր զինակից ընկերներին:

Սեպտեմբերի 27-ին Երկրապահ կամավորականների միության վարչությունում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև Հրանտ Թումասյանը, հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամ ազատամարտիկներին տրամադրվեցին անվասայլակներ, բժշկական և սանիտարական մեծաքանակ պարագաներ, բաղնիք-աթոռակներ, անվավոր քայլակներ, հատուկ մահճակալներ, ձեռնափայտեր, սիլիկոնե գուլպաներ, սնվելու պարագաներ և այլն:
Նստասայլակներ կտրամադրվեն նաև կենտրոնական զինվորական հոսպիտալին:

Անակնկալի գալով Հրանտ Թումասյանի մատուցած գեղեցիկ անակնկալներից` միջոցառման ընթացքում մի անակնկալ էլ մատուցվեց սիրելի ազատամարտիկին. Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության Անկախության 26-ամյակի, 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակի և Երկրապահ կամավորականների միության ծրագրերին աջակցելու համար` ՀՀ «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով պարգևատրեց Հրանտ Թումասյանին:

Արցախյան պատերազմի մասնակից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Հրանտ Թումասյանը, ինչպես նշեցինք, մարտական գործողության ժամանակ վիրավորվելով՝ երկար տարիներ գամված է սայլակին: Նախկին ազատամարտիկն ավելի լավ է հասկանում հաշմանդամ, սայլակի կարիք ունեցող բախտակից ընկերներին և այսօր էլ շարունակում է հնարավորինս օգնել ՝ տարբեր ակցիաներ, բարեգործական միջոցառումներ կազմակերպելով:

— Հայաստանի սահմանների պաշտպանության և արցախյան ազատամարտի ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած ազատամարտիկներին ցուցաբերվող օգնությունը կլինի շարունակական,- ասաց Հրանտ Թումասյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրյալները սիրով են ընդունում իմ խնդրանքներն ու առաջարկությունները, քանի որ խոսքը վերաբերվում է մեր սրբության սրբոց հայրենիքի ազատագրության համար հաշմված մարդկանց…

Հրանտ Թումասյանը ծնվել է 1971 թվականին: 1988-ին ավարտել է Երևանի Պարույր Սևակի անվան 123 դպրոցը: 1990 թվականին զինվորագրվել է հայոց ազատամարտին: Նույն թվականից «Նիկոլ Դուման» ջոկատի կամավոր էր: 1990-ին մասնակցել է Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերի և Երասխի, ապա ԼՂՀ Շուխնուխի և շրջակա գյուղերի համար մղված մարտերին: 1991-1992 թվականներին մարտնչել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Տավուշի շրջանի Մովսես և ԼՂՀ Կիչան ու Սրխավենդ գյուղերի համար:
Հրանտ Թումասյանը պարգևատրվել է կառավարական բարձր` ՀՀ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մարդու համար ամենաթանկը իր կյանքն ու առողջությունն է, բայց Հրանտ Թումասյանն իր երիտասարդ կյանքի արշալույսին` քսանը դեռ չբոլորած, անվարան նետվեց վտանգի մեջ հայտնված հայրենիքը պաշտպանելու: Ծանր վիրավորվեց, արդեն 27 տարի է գամված է անվասայլակին, բայց կամքի մեծ ուժի շնորհիվ կարողացավ նայել առաջ, լցվել ապրելու հույսով ու նաև օգնության ձեռք մեկնել արցախյան ազատամարտում հաշմանդամ դարձած իր մարտական ընկերներին: Ահա այսպիսին է մեր օրերի հերոսը` Հրանտ Թումասյանը, ումից սովորելու շատ բան ունի մեր նոր սերունդը…

003

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *