Azat Vardanyan-Untitled-14

ԱԶԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Մեզ հարկավոր է ուժեղ, ժամանակի մարտահրավերներին դիմակայող ամուր պետություն և հզոր հայրենիք»

Հայրենիքն ու հայրենասիրությունը Ազատ Վարդանյանի համար սոսկ բառարաններում նիրհող բառեր չեն, և երբեք ձևական նշանակություն չեն ունեցել: Իր ողջ գիտակցական կյանքում նա աշխատել և այսօր էլ աշխատում է իր հնարավորությունների  սահմաններում օգտակար լինել Հայաստանին, մտահոգ է  Հայրենիքի ճակատագրով, և համոզված է, որ վերջերս Արամ առաջին Վեհափառի ելույթում հնչած գնահատականները, թե «Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում», պետք է ահազանգ լինեն Հայաստան երկրի ապագայի պատասխանատուներին․․․

       ———————————————————-

Վերջերս երևանյան մի անկաշկանդ միջոցառման ժամանակ, որտեղ մթնոլորտն ամբողջությամբ շնչում էր հայրենասիրությամբ, փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ես ծանոթացա անչափ հետաքրքիր մի մարդու հետ, կարելի է ասել` օրը ցերեկով դեմ առ դեմ հանդիպեցի անսովոր ճակատագրի տեր մի մարդու` երկար ու ձիգ տարիներ Հայաստանից դուրս` օտար ափերում ապրող, սակայն արմատներով մինչև Հայրենիք ձգվող մի հսկա կաղնու, տարիների բեռով իմաստնացած հայի, որի հայրենասիրությամբ ապրող և շնչող տեսակը, պետք է խոստովանեմ, մեր օրերում այնքան էլ շատ չէ…

Այդ առինքնող մարդը, ում մասին, կարծում եմ, դեռ առիթներ կունենամ առաջիկայում պատմելու, Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր, հասարակական գործիչ և բարերար, հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ազատ Վարդանյանն է:

Ազատի հայրը, որ եգիպտահայ էր, եղբոր հետ 1949 թվականին եկել էին Հայաստան և քանի որ երկրորդ համաշխարհայինի ժամանակ նա ծառայել էր բրիտանական զորքերում, իսկ ԽՍՀՄ-ում էլ ստալինյան բռնությունների տարիներ էին` կարճ ժամանակ անց աքսորել էին Սիբիր:

Ազատը ծնվել է հարավային Սիբիրում: Մանկությունն անցել է Հայաստանից դուրս: 1953-ին, Ստալինի մահից հետո,  ընտանիքը կարճ ժամանակով վերադարձավ Հայաստան, Ազատը հասցրեց կնքվել Էջմիածնում:

Վարդանյանը մինչև 70-ական թվականներն ապրել է Հայաստանից դուրս: Նրա առաջին կրթությունը ֆիզիկա-մաթեմատիկական էր: Մոսկվայում ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձավ Հայաստան: Ընդունվեց գիտական աշխատանքի: Հասցրեց ամուսնանալ, երկու երեխա ունենալ, իսկ 1992-ին մեկնեցին Կանադա: Նրանց ընտանիքի մյուս մասը Եգիպտոսից գնացել էր Կանադա և  ԱՄՆ: Ազատը մեկնեց Կանադա, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո դարձավ Կանադայի քաղաքացի:

Հետագայում, օգտագործելով լավ հարաբերությունները գիտական շրջանակների հետ` ակադեմիկոսներ Սախարովի, Խարիտոնի, Բասովի, Վիկտոր Համբարձումյանի և այլոց, առաջացավ Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիան ստեղծելու գաղափարը:

Ըստ Ազատ Վարդանյանի  դիպուկ բնութագրման` «ինֆորմատիզացիան և ինֆորմատիան շատ հիմնարար երևույթներ են, չկա մի ոլորտ, որը չառընչվի սրանց: Ողջ բնությունն է հիմնված գենետիկորեն փոխանցվող ինֆորմացիայի վրա…»:

 Վարդանյանը նաև պարզաբանում է, որ ով իր ասպարեզում ճանաչում է ձեռք բերել` կարող է դառնալ ակադեմիայի անդամ: Այսօր այդ պատկառելի կառույցի մեջ են բավական լուրջ անհատներ՝ աշխարհի գրեթե բոլոր կրոնական առաջնորդ­ները, երկրների նախագահներ, վար­չապետներ, դեսպաններ և այլն։

 Ակադեմիայի անդամների թիվը մի քանի տասնյակ հազարի է հասնում, իսկ աշխարհի տարբեր երկրներում կառույցների թիվը մի քանի հարյուրների։ Ակադեմիան շատ արագ ուշադրության կենտրոնում հայտն­վեց և հեղինակություն ձեռք բերեց։ Այն դարձավ առաջին ակադեմիան, որին ՄԱԿ-ը 1995 թվա­կանին ճանաչում և բարձր կոչում շնորհեց։ Այսպիսի նախադեպ չկար։ Սա շեշտում է Ակադեմիայի մա­կարդակն ու լրջությանը:

Ազատ Վարդանյանը նշում է, որ Հայաստանի հետ կապված ուշագրավ ձեռնարկներից մեկը եղել է Յունեսկոյի համար հրատարակած «Հայաստան և Յունեսկո» գիրքը։ Այն հրատարակ­վել է անգլերեն և գրքում մանրա­մասն ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը, և մեր մշակութային հուշարձանների անմխիթար վիճակը Հայաստանից դուրս` Արևմտյան Հա­յաստանում, Պարսկաստանում, մա­սամբ` Ադրբեջանում և Վրաստանում։

— Մենք օրինակներով կարողա­ցանք ցույց տալ, թե ինչպես է ոչնչաց­վում մեր մշակութային ժառանգու­թյունը, ձեռք ենք բերել արխիվային լուսանկարներ, թե ինչ վիճակում է նույն մշակութային արժեքը եղել150 կամ 100 տարի առաջ և ասենք 30 տարի առաջ կամ հիմա… Պարզ երևում է, թե ինչ է կատարվում մեր պատմական կոթողների հետ։ Այսինքն՝ տեղի է ունենում հայ ժողովր­դի մշակութային ցեղասպանություն:

Տարիներ անց Հայաստանում մեծ հետաքրքրություն առաջացավ մեր նկատմամբ: Ես, որպես ակադեմիայի հիմնադիր-նախագահ, աշխատում էի օգտակար լինել Հայաստանին։ Առա­ջին հերթին պետք էր պահել և բարե­լավել երկրի վարկանիշը դրսում։ Ձեռնարկեցինք պարզ, բայց շատ գործուն միջոցներ։ Օրինակ, Կանադայում հայապահպանության հետ զուգահեռ` մենք ներկայացրել ենք մեր ազգային պարը, որը, անպայ­ման, ներկայացվում էր տարազով։ Մեզ վրա վերցրինք տեղական խմբի ֆինանսավորումը։ 2003 թվականին 50-հոգանոց այդ խումբը բերեցինք Մոսկվա, ապա նաև` Հայաստան, որ­տեղ ներկայացվեցին հայկական պարերը։ Հետո որոշեցինք, որ ամեն տարի Կանադայում տարբեր ազգերի հետ պիտի մեծ ու ներկայացուցչա­կան համերգ կազմակերպենք, բարձր մակարդակով։ 2003 թ. Մոնրեալի ամենամեծ դահլիճում կայացավ առաջին համերգը, որի ժամանակ ելույթ ունեցան ֆրանսիական խում­բը, ռուսականը, բայց ժամանակի մեծ մասը հայկական պարերն էին ներկայացվում։ Ներկա էր Կանադայի վարչապետը, մշակույթի նախարա­րը, որն ասաց, թե մի քիչ շուտ պիտի հեռանա, բայց չգնաց, և համերգի ըն­թացքում ասաց. «Չէի պատկերաց­նում, որ ձեր ազգն այդքան հետաքր­քիր մշակույթ ունի»։ Դրանից հետո ամեն տարի, հունիսին, մենք այդ տե­սակ համերգ անց ենք կացնում։

Azat Vardanyan-Untitled-5

Կանադայում հիմա շատ յուրահա­տուկ վերաբերմունք կա հայերի և Հայաստանի նկատմամբ, թեև հարկ է նշել, որ Կանադայի հայ գաղութը ան­համեմատ փոքր է, քան, ասենք, ԱՄՆ-ի հայ համայնքը, 100.000 էլ չկա:

Ազատ Վարդանյանը նշում է, որ 1996 թ.-ի ապրիլի ապրիլի 23-ին Կանադայի խորհրդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշում: Իսկ 2002 թ.-ի հունիսի 13-ին Կանադայի Սենատն արդեն ընդունեց որոշում, որով ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը:

Գիտենք, թե ինչ մեթոդներ է կիրառում Թուրքիան, ինչպիսի բազմակողմանի ճնշումներ Է փորձում իրականացնել հայոց ցե­ղասպանությունը ճանաչման դեմ։ Եվ շատ հաճելի Էր, որ այն ժամանակ Կանադայի վար­չապետը Թուրքիաի պա­հանջներին արձագանքեց հետևյալ կերպ. «Մենք ճանաչել ենք, ճանաչում ենք և երբեք հետ չենք կանգնի, դուք մտածեք, թե երբ եք ինքներդ ընդունելու անհերքելի իրողությունը` հայերի ցեղասպանությունը։ Ահա հենց սա է ազգի, երկրի վարկը…

Բացի այդ, Կանադայում ընդուն­ված մի բան կա. ամեն տարի Կանա­դայի վարչապետը, խոշոր գործա­րարները, գիտնականները և բազմա­թիվ այլ մասնագետներ, այսպես ասած, Կանադայի հավաքականը, գնում Է որևէ երկիր, որի հետ ցանկա­նում են կարգավորել փոխգործակցության ու զարգացման խնդիրները։ 2000 և 2002 թվականերին այդ հավաքականը գնացել էր Ռուսաստան։ Մենք, որպես Ակադեմիա, նույնպես այդ թիմի կազմում էինք։ Այստեղ էլ մեր ներդրումն ունեցանք։ Հետագա­յում Վլադիմիր Պուտինի կողմից ես պարգևատրվել եմ մեդալով, քանի որ Թաթարստանում մեծ ներդրումների հոսք ապահովելուց բացի, մեր միջ­նորդությամբ Կազան քաղաքը դար­ձավ Համաշխարհային պատմական քաղաքների կազմակերպության ան­դամ։ Հիմա էլ դարձե| է այդ կազմակերպության եվրասիական կենտրոն։

Միջազգային ակադեմիայի շնոր­հիվ` Երևանը, էջմիածինը և Գորիսը ևս դարձել են Համաշխարհային պատմական քաղաքների կազմակերպության ան­դամ։ Հիմա մեծ աշխատանք ենք տա­նում, որ Հայաստանի տարածքում գտնվող այլ պատմամշակութային արժեքներ նույնպես ճանաչվեն Յունեսկոյի կողմից։ Խոսքը ոչ միայն եկեղեցիների մասին է, այլ նաև հին համալսարանական կենտրոնների։ Այդ ցանկում են նաև պատմական այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Դվինը, Արտաշատը. Արմավիրը, Մեծամորն ու Զորաց քարերը, որոնք հնարավորություն կտան աշխարհին ասել, որ մի քանի հազար տարի առաջ Հայաստանում գոյություն է ունեցել գիտություն՝ աստղագիտու­թյուն, մետաղամշակում… Եղել է շատ բարձր կրթահամակարգ:

Այս միջոցներն արդյունավետ են, սակայն հասկանալի է, որ մեր երկրի տնտեսական իրավիճակը կարող է բա­րելավվել միայն այն դեպքում, երբ մեծ երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ և այլն, հետաքրքրություններ ունենան Հայաս­տանում։ Կա նաև ավանդական մեխա­նիզմ` սփյուռքը, բայց սփյուռքի ամ­բողջ ներուժը չէ, որ արդյունավետ օգ­տագործվում է։ Բացի այդ էլ սփյուռքի ողջ ներուժն անգամ համեմատելի չէ որոշ միջազգային կառույցների, ընկե­րությունների և մեծ տերությունների հնարավորությունների հետ։ Սրան գու­մարվում են աշխարհաքադաքական և տնտեսական շահերը…

Սփյուռքի հետ կապված` ցանկանում եմ մեկ այլ դիտարկում էլ անել: Իմ կարծիքով, սփյուռքի դերը համահայկական խնդիրների լուծման գործում դեռևս արժանի գնահատականի չի արժանացել և թերագնահատված է: Իմ խորին համոզման` այսօր Հայաստանում սփյուռքին նայում են որպես ֆինանսավորողի, մինչդեռ  իրականության մեջ` սփյուռքը մեծ հեղինակություն է վայելում և մեծ երկրներում, խոսքս հարց լուծող երկրների մասին է, սփյուռքը հանդիսանում է Հայաստան երկրի գոյության երաշխիքներից մեկը: Հետևապես, պետությունը պետք է լրջագույն ուշադրություն դարձնի սփյուռքի հետ համագործակցության հարցրի վրա:

 Սփյուռքին հուզող հարցերից մեկը հայապահպանություն  է, և այդ հարցի լուծման մեջ ամենակարևոր դերը պետք է ստանձնեն Հայաստանի իշխանությունները: Ահա հենց դրա մեջ եմ ես տեսնում համագործակցությունը: Գտնում եմ, որ այս ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը պետք է արդեն տեսանելի և շոշափելի լինեն, իսկ վերջերս Հայաստան-Սփյուռք համաժողովին Արամ առաջին Վեհափառի ելույթում հնչած գնահատականները պետք է ահազանգ լինեն Հայաստան երկրի ապագայի պատասխանատուներին.

«Եկեք լինենք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել: Անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների ու տուրիստական այցելությունների շրջագծից և այն դարձնել մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը»:

 Տարիներ աոաջ, երբ մենք Հայաստան Էինք գալիս, բոլորը խոսում Էին միայն օգնության կամ բարեգործության մասին, սակայն բարեգործությունը բարգավաճման և զարգացման ճանապարհ չէ։ Դու պետք է հիմքեր ստեղծես, որ միջազ­գային մեծ ընկերությունները մուտք գործեն քո երկիր։ Դրանց մուտքը նշանակում է նոր աշխատատեղեր, նշանակում է, որ տվյալ երկիրը կանգնած Է քո թիկունքին…

Բայց մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն  էլ իր բարդությունն ունի։ Շատերը պատկե­րացում անգամ չունեն այս գործի մասին, և իրենց թվամ է, թե ցանկացած կազմակերպության համար մեծ պա­տիվ է այստեղ տասնյակ միլիոնների ներդրում անելը։ Այդպես չէ։ Պետք է կարողանալ մատուցել երկրի հնարավորությունները, դարձնել գրավիչ, ապահովել ներդրումները և շահը պի­տի երկկողմանի լինի։ Մենք մասնագիտացած ենք այս կարգի գործերում։ Կարող եմ համոզված ասել, որ Հա­յաստանը ունի ոլորտներ, որոնք կա­րելի է գրավիչ դարձնել մեծ ընկերու­թյունների համար: Մենք մեր գործու­նեությունը կենտրոնացրել ենք հանքարդյունաբերության ուղղությամբ։ Շատ տարածված կարծիք կա, թե ըն­դերքի հարստությունն օգտագործե­լիս կազմակերպությունները մեր ու­նեցվածքը թալանում տանում են: Չեն գիտակցում, որ միայն ուսումնասի­րություններ իրականցվելու համար տասնյակ միլիոնների ներդրումներ են անհրաժեշտ, և դեռ հայտնի չէ, թե այդ ուսումնասիրություններն ինչ արդյունք կտան: Իսկ մինչ այդ գու­մարներն արդեն երկրումդ աշխատում են… Իսկ երբ ուսումնասիրություննե­րի արդյունքում հաստատվում է, որ կան հաստատված պաշարներ, ապա դրա շահագործումն էլ ավելի մեծ ծախսեր ու ներդրումներ է պահան­ջում: Բոլոր փուլերում Հայաստանը շահույթ ունի…

Ես որպես  2005-ից ի վեր գործող հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր նախագահ` տարիներ առաջ փորձեցի նաև այս ձևով օգտակար լինել Հայաստանին. իմ միջնորդությամբ Կանադա հրավիրվեց այն ժամանակվա ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը` մասնակցելու  հանքարդյունաբերության խոշորագույն կոնֆերանսին։ Դրան մասնակցում էին բոլոր խոշորագույն ներդնողները։ Իմ առաջարկությամբ այստեղ առաջին ան­գամ ներկայացված էր Հայաստանը։ Արմեն Մովսիսյանը շատ բարձր մակարդակով ներկայացրեց երկրի հնարավորությունները։ Միա­ժամանակ, կանադական երեք ընկե­րություններ, որոնք արդեն իսկ գոր­ծում էին Հայաստանում, սկսեցին խոսել իրենց դրական փորձի մասին։ Սա շատ կարևոր է, քանի որ խոշոր ներդնողները հակված են հավատա­լու հենց կանադական ընկերություն­ների երաշխավորությանը։

Պիտի ասեմ, որ աշխարհում այս ոլորտի ֆինանսավորման մոտ 60%-ը Կանադան Է իրականացնում։ Կանադական ֆինանսներն այստեղ բե­րելը շատ դժվարին և կարևոր գործ Է։ Այս գործում մեր ստեղծած առևտրաարդյունաբերական պալատի դերը շատ մեծ էր:

Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալա­տը հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսական աճի գործոններից մեկը ներդրումների ապահովումն է, տարիներ շարունակ այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ է կատարել: Ընդ որում,  հաշվի ենք առնում, որ ոչ թե պետք է օգտագործել միայն սփյուռքի հնարավորությունները, այլև, որ շատ կարևոր է` օտար, մեծ և հզոր ընկերությունների հնարավորությունները, որից հետո աջակցում ենք նրանց մուտքը Հայաստան: Այդ կարգի ընկերությունների ներգրավումը հայրենիքում նաև նշանակում է համապատասխան երկրների աջակցությունը, նաև` քաղաքական հարցերում: Որպես արդյունք կարող եմ նշել կանադական երկու հզոր ընկերությունների մուտքը Հայաստան` Դանդի Պրեշս Մետալս և Սետերա Գոլդ, որոնք տասնյակ միլիոն դոլարների ներդրումներ են արել Հայաստանում…

Այո, պրոֆեսոր, հասարակական գործիչ և բարերար Ազատ Վադանյանը մինչ օրս ինչ արել է, արել է սրտի կանչով, անաղմուկ, և առանց ավելորդ թմբկահարումների:

Երկար տարիներ ապրելով և աշխատելով Հայրենիքից դուրս և անցնելով բազմաթիվ փորձությունների միջով` նրա միտքը մշտապես Հայաստանում է և ակտիվորեն հետևում է հայրենիքում ընթացող ամենատարբեր զարգացումներին:

Նա  մտահոգ է մեր երկրին վերաբերող ամեն  ինչով` սոցիալ-տնտեսական ներկայիս բարդ վիճակով, արտագաղթի փաստով և բազմաթիվ այլ խնդիրներով: Հայաստանի հանդեպ տածած մեծ սիրո և հայրենիքին օգնության ձեռք մեկնելու ազնիվ մղումներով նա գտնում է, որ շեն, ծաղկուն և հզոր հայրենիք ունենալու տեսլականը յուրաքանչյուր հայի երազանքն է, և բոլոր դժվարությունները հաղթահարելու միակ ու ճիշտ ճանապարհը երկրի տնտեսության վերականգնումն է:

Այսօր մեզ առավելապես խաղաղություն և կայունություն է անհրաժեշտ,- ասում է Ազատ Վարդանյանը: Մեզ հարկավոր է ուժեղ, ժամանակի մարտահրավերներին դիմակայող ամուր պետություն և հզոր հայրենիք: Անհրաժեշտ է վեր կանգնել նյութապաշտությունից, ընչաքաղցությունից, երկիրը ջլատող բազում այլ ախտերից և լծվել մեկ ընդհանուր գործի` Հայրենիքի հզորացմանը` ինչը, համոզված եմ` մեր ժողովրդի հարատվության միակ երաշխիքն է ու գրավականը

 Պրոֆեսոր Ազատ Վարդանյանը նաև ուղիներ է մատնանշում, և համոզված է, որ բարությունն ու հանդուրժողականությունը կարևոր արժեքներ են երկրի վերելքի համար. «Ես հասկանում եմ, որ մեր երկիրը շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է, բայց հարկավոր է բարի ու հանդուրժող լինել, միասին պահել երկիրը: Ունենալ պրոֆեսիոնալ, ազնիվ և անկախ դատական համակարգ: Դեմոկրատիան լավ բան է, բայց հարկավոր է զգույշ լինել, չվերածել ամենաթողության: Հարկավոր է ազգային գաղափար ձևավորել…»:

 Ազատ Վարդանյանը նաև իր հայրենակիցներին կոչ է անում, հորդորում, պատգամում ու նաև պահանջում` փայփայել և աչքի լույսի պես սիրել մեր սրբության սրբոց Հայրենիքը` թե հաջողությունների ու հաղթանակների, և թե անհաջողությունների ու Չարենցի ասած` անկումների և սարսափի ժամանակներում: Եվ բերում է շատ հուզիչ, բայց և դիպուկ մի համեմատություն.

 «Ույգուրական ինչ-որ միջոցառման էի մասնակցում, որի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը մի բան ասաց և ողջ դահլիճը հուզված լաց էր լինում: Երբ հուզմունքը անցավ, թարգմանչին խնդրեցի թարգմանել: Ասաց. «Մենք պետություն ենք ունեցել, որը կորցրել ենք»… Չեմ ցանկանա այս օրն ընկնենք: Մենք այն փոքրաթիվ ազգերից ենք, որ լինելով շատ հին` դեռ մնացել ենք, գոյություն ունենք, պետականություն ունենք…»:

 Հայրենիքն ու հայրենասիրությունը Ազատ Վարդանյանի համար սոսկ բառարաններում նիրհող բառեր չեն, և երբեք ձևական նշանակություն չեն ունեցել: Իր ողջ գիտակցական կյանքում նա աշխատել և այսօր էլ աշխատում է իր հնարավորությունների  սահմաններում օգտակար լինել Հայրենիքին և իր նպաստը բերել Հայաստան երկրի շենացմանն ու հզորացմանը:

 Այս առնչությամբ նրա մասին ահա թե ինչ է ասում Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահ, «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերաների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը.

 — Հանձին Ազատ Վարդանյանի` մենք գործ ունենք ազնվագույն մարդու և նվիրյալի հետ: Հայրենիքի հետ շփում լինի, գործնական, թե ընկերական հարաբերություններ` նա ամենուրեք նույնն է` սրտացավ, կարեկից, հարեհաս…

Մեր ժողովրդի համար ճակատագրական պահերին`1988-ի երկրաշարժի, ապա նաև 90-ականների մեր ազգային զարթոնքի տարիներին հեռավոր Կանադայում Ազատն իր տեղը չէր գտնում: Նույնը նաև 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Ռազմաճակատին և Հայրենիքին ցուցաբերած ֆինանսական և նյութական աջակցությունները ամենայն հարգանքի և գնահատանքի են արժանի, բայց Ազատն այդ մարդը չէ, չի սիրում բարձրաձայնել, ցուցամոլությունը նրա կերպարին հարիր չէ, և բարեգործություն է անում միմիայն սրտի և  խղճի թելադրանքով: Ազատ Վարդանյանը միաժամանակ հանդիսանում է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի փոխնախագահը` սոցիալ-տնտեսական հարցերով: Բացի այդ, Վարդանյանը նաև «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության և Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության պատվավոր անդամն է և հովանավորը, կազմակերպել է բազմաթիվ և բազմապիսի միջոցառումներ, որոնց ընթացքում նյութական և ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, անապահով ազատամարտիկներին, մեր բազմաթիվ մարտական ընկերներին: Մեծագույն հարգանքի արժանի այդ հայրենանվեր գործը, որը շարունակական բնույթ է կրում, արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և բարձրագույն պարգևների: Հայաստանին և Արցախին մատուցած Ազատ Վարդանյանի ծառայությունները իմ խորին համոզմամբ անգնահատելի են և պետք է տեղ գտնեն մեր նորագույն պատմության փառքի և գնահատանքի էջերում…

 Ահա այսպիսին էր իմ տպավորությունը մեր ծանոթությունից, որը դեռ պետք է ամբողջանա մեր հետագա հանդիպումներում: Իսկ շեն, ծաղկուն և հզոր հայրենիք ունենալու տեսլականի առնչությամբ ուզում եմ խոսքս ավարտել հետևյալ բարեմաղթանքով. թող շուտափույթ կատարվեն Ձեր բոլոր երազանքները, և կարողանաք լիաթոք վայելել Հայրենիքը, հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ եմ ցանկանում Ձեզ հարգարժան Ազատ Վարդանյան…

Վարուժան Բալյան

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *