004

Նունե Ավետիսյանի խիզախումը. «Բարև» ազգապահպան հեռուստահաղորդումը 20 տարեկան է

Մեր տաղանդավոր և բոլոր ժամանակների անլռելի բանաստեղծ Պարույր Սևակը 1964 թվականին մի հրովարտակ արձակեց համայն աշխարհին. նա գտել էր մարդկանց սրտերի խորքերը թափանցելու և ջերմացնելու, ամենուրեք բարություն սփռելու կախարդական բանալին, որը նման էր առավոտյան ժպտացող արևին և ընդամենը մեկ հատիկ բառ էր` ԲԱՐԵՎ

Պարույր Սևակի շրջանառության մեջ դրած ԲԱՐԵՎ-ից ուղիղ 33 տարի անց (ուշադրություն դարձրեք` խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի տարիքը)` 1997 թվականին, հանգամանքների բերումով իր հայրենիքից հազարավոր կիլոմետր հեռվում հայտնված, բայց Հայրենիքի կարոտը սրտում և իր աշխարհասփյուռ հայրենակիցների հետ հաղորդակցման ճանապարհներ որոնող մի երիտասարդ աղջիկ ամերիկյան հեռուստաընկերությունում  իր հեղինակային անդրանիկ հաղորդմանը նույնպես համայն աշխարհին ասաց  ԲԱՐԵՎ և ԲԱՐԵՎ-ն այդ օրվանից  դարձավ հաղորդման անձնագիրն և այսօր նաև կենսագրությունը:

Այդ երիտասարդ աղջիկը, որ դեռ այն ժամանակ ինքնատիպ ձեռագրով հասցրել էր Հայրենիքում նվաճել իր բազմաթիվ երկրպագուների սրտերն ու արժանացել մասնագետների բարձր գնահատականներին, հայ պոեզիայի գոհարներն իր սրտում անթեղած, պոետական խռովքների և ցնծության անկրկնելի մեկնաբան ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ էր, ում նկատմամբ ավերիչ ժամանակն անզոր և անուժ  է  գտնվել և նա այսօր իր երկրպագուների առաջ կրկին հանդես է գալիս իր անկրկնելի հմայքով և թովչությամբ:

001

Նունե Ավետիսյանի ԲԱՐԵՎ-ն այսօր 20 տարեկան է և ես, որ արդեն մի քանի ամիս է դեռ Երևանից բաց չեմ թողնում այդ հաղորդման ոչ մի թողարկում, ուզում եմ հավաստիացնել, որ Պարույր Սևակի երազած ԲԱՐԵՎ-ի միջոցով մարդկանց սրտերը գրավելու այն հանձնարարությունը, թե`

«Շա՜տ կուզենայի, 
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր 
Աշխարհո՛ւմ համայն, 
Ամենքի՛ համար»,

Նունե Ավետիսյանն իրականություն է դարձրել:

ԲԱՐԵՎ-ը դարձել է Սփյուռքի և Հայրենիքի միջև մի կապող և հուսալի կամուրջ, կարոտած սրտերի համար` փրկության եզերք, անկեղծ զրույցների հավաքատեղի, սրտացավ ընկեր, ճշմարիտ խորհրդատու և հաղորդման հեղինակն ու ստեղծագործական խումբը արդեն երկու տասնամյակ այդ պատվավոր առաքելությանը լծված են պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով,  իրենց գործն անում են սրտի կանչով, սիրով և անաղմուկ, առանց ավելորդ թմբկահարումների, ինչին, ցավոք, հաճախակի կարելի է հանդիպել մեր խառնակ ժամանակներում:

006

Ասվածի խոսուն վկայությունները արդեն 20 տարի հայ օջախներում ԲԱՐԵՎ-ի ընդունելություններն ու հանդիպումներն են, մշակութային, քաղաքական, գրական, երաժշտական ուղղվածությամբ հաղորդման ազգապահպան թողարկումները, և այդ է վկայում նաև ԱՄՆ-ում ամենամեծ հայկական համայնքի տածած սերն ու ջերմ վերաբերմունքը, որը զգացվում է Նունե Ավետիսյանի և նրա հեղինակային հաղորդման շուրջ:

ԲԱՐԵՎ-ի ստեղծման օրվանից ի վեր հաղորդումը տարեցտարի հղկվել, կատարելագործվել և իմաստնացել է, դարձել ճակատագրի բերումով աշխարհասփյուռ հայերի յուրօրինակ հավաքատեղին, ամբիոնը, հարկ եղած դեպքում նաև համախմբված բռունցքը:

Այո, խորն են ԲԱՐԵՎ-ի ակունքները: Եվ երիցս ճշմարիտ ու իմաստուն է ժողովուրդը, երբ մարդուն ավելի մոտիկից ճանաչելու, նրա գործունեության մասին կարծիք կազմելու համար խորհուրդ է տալիս նայել մարդու ակունքները:

Եվ այս հոբելյանական իրադարձության առթիվ` ԲԱՐԵՎ հաղորդաշարի 20-ամյա բարձունքից, կարծում եմ, արժե նայել օրվա հերոսուհու ակունքները և հիշատակել Նունե Ավետիսյանի երջանկահիշատակ ծնողներին` գուսանական երգի մեծ վարպետ և երախտավոր, տասնամյակներ շարունակ իր ոսկեղենիկ և անկրկնելի ձայնով համայն հայությանը հիացմունք  պատճառած սիրված երգիչ Վաղարշակ Սահակյանին, ում համբավը սավառնում էր հայոց հզոր լեռներով և բնակավայրերով և նրա մասին ասում էին, որ ձայնը դրախտից է գալիս…

Հիշենք Նունե Ավետիսյանի նույնքան տաղանդաշատ և իր մեջ բազմաթիվ  շնորհներ կրող մորը` ՀՀ վաստակավոր արտիստ, գրականության, պոեզիայի և ասմունքի մեծ գիտակ և երախտավոր, սիրված դասախոս Սիրվարդ Մեսրոպյանին, ով, մասնագետների բնութագրմամբ` ինչ էլ որ արտասանել է` խորապես ապրել է իր արվեստով և նրա ելույթներն անցնում էին քարացած դահլիճներում…

Ահա, համառոտակի Նունե Ավետիսյանի ակունքները. մարդիկ, ովքեր լույս աշխարհ եկան, ապրեցին, հիացան, Աստծո տված շնորհներով հիացրին մարդկանց, ֆիզիկապես հեռացան, բայց մենք գիտենք, որ աշխարհում բարի հետք թողած մարդիկ երբեք չեն հեռանում, նրանք այսօր էլ կան, ապրում են իրենց ճանաչողների, հազարավոր մարդկանց և իրենց ժառանգների սրտերում: Եվ իրենց թողած բարի հետքը նրանց արժանավոր զավակն է` Նունե Ավետիսյանը:

005

Ես բոլորովին վերջերս եմ եկել Հայաստանից և ուզում եմ վկայել, որ Հայրենիքում այսօր էլ հիշում են Նունե Ավետիսյանին և հավերժի ճամփորդ մեր մեծ պոետների անկրկնելի ստեղծագործության նրա վարպետ և առինքնող կատարումները: Ասվածը հավաստելու համար բերեմ ընդամենը մեկ գնահատական ու հղում անեմ հայ բեմի անզուգական և անվանի վարպետ, գովեստների մեջ անչափ ժլատ Վարդուհի Վարդերեսյանին, ով մի առիթով Նունեի մասին ասել է. «Պատկերացրեք ծարավ մարդը անապատում, շուրջբոլորը՝ սաստիկ տոթ, և հանկարծ մի զեփյուռ է գալիս, մի հաճելի՜ քամի, որ ամեն ինչ ու տառապանքը մոռացնել է տալիս: Նունեի ասմունքը, ահա, հենց այդպիսի դեր է խաղում: Նունեի մասին կարող եմ վստահորեն ասել, որ նա տաղանդ ունի և մեր հայրենիքում նրա նման ասմունքող չկա»:

003

Այո, բազմաշնորհ և բազմաբովանդակ է Նունե Ավետիսյանը և նույնքան բազմաշերտ ու տաք գույներ է ամփոփում նրա վարած ԲԱՐԵՎ հաղորդաշարը:

Հպարտ եմ, որ քեզ ճանաչում եմ սիրելի Նունե, ուրախ եմ, որ դու կաս, քանի որ, ինչպես հասցրեցի քեզ ճանաչել` դու երկնքում շողացող վառ աստղ ես, ում ցոլացող լույսին զարնվելով պիտի ջարդուփշուր լինեն և անեանան բոլոր մանր-մունր երևույթները…

Շնորհավոր ԲԱՐԵՎ-ի ծնունդը, 20-ամյա հոբելյանը: Եվ քանի որ օրեր առաջ նաև քո ծննդյան տարեդարձն էր` ցանկանում եմ մեջբերել այդ առիթով համացանցում արած իմ գրառումը. «Տարեդարձդ շնորհավոր սիրելի Նունե Ավետիսյան: Հնուց եկող մի խոսք կա` գեղեցկությունը կփրկի աշխարհը: Օրեր առաջ ես դրանում համոզվեցի մեր առաջին հանդիպմանը` տեսնելով իր անցած ճանապարհով մեծ հարգանքի արժանի մի հմայիչ կնոջ, ում առաքելությունը այս խռովահույզ աշխարհը գեղեցկացնելն է:

Շարունակիր նվաճել մարդկանց սրտերը և թող քո առջև բացվեն բոլոր փակ դռները»:

Սիրով և հարգանքով` ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԼՅԱՆ

Leave a Reply

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *